Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, ըստ որի` իր կողմից աշխատակիցներին ինչ-որ թերթիկներ են բաժանվել` իբր դրանք լրացնելու հանձնարարությամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից, «Հրայր Թովմասյանը նման անտրամաբանական եւ անիմաստ նախաձեռնությամբ հանդես չի եկել»:
Նրանց փոխանցմամբ` նախարարը մշտապես դատապարտել ու պայքարել է ցանկացած կեղծիքի դեմ, ուստի անտրամաբանական է, որ Հրայր Թովմասյան քաղաքացու, իրավաբանի, պաշտոնյայի մտքով անցներ ցուցակներ հավաքելու նման անիմաստ, աննպատակ նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը: «Ակնհայտ է, որ նամակի հեղինակի կամ հեղինակների նպատակը ընտրական գործընթացը վարկաբեկելն է: Ցավոք սրտի, անանուն նամակներին ընթացք տալու միջոցով մեղավորներին բացահայտել հնարավոր չէ, սակայն եթե տվյալ անձը տեղեկացնի` իր ով լինելը եւ ում կողմից է նման հանձնարարություն ստացել, եթե նրա ահազանգը իրականությանը համապատասխանում է, մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- հայտնել են նախարարությունից:
Նշենք, որ լրատվամիջոցներում նամակ էր հրապարակվել հետեւյալ բովանդակությամբ:«Հարգելի լրատվամիջոցներ, ուզում եմ բարձրաձայնել մի խայտառակ փաստի մասին: Օրեր առաջ, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թողվմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր , մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը: Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների եւ ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին: ՀՀ Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաեւ կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից: Խնդրում ենք բարձրաձայնել այս խայտառակ փաստը եւ հասցնել այն հանրության ուշադրությանը: Կից ուղարկում եմ թերթիկների պատճեները: Հասկանալի պատճառներով այս նամակը ուղարկում եմ ոչ իմ անձնական էլեկտրոնային հասցեից»:





























