Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը չի ցանկանում մեկնաբանել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հայտարարությունը, թե այդ կուսակցության անդամներ Ղուկաս Մեհրաբյանը եւ Պետրոս Գեւորգյանն իր պատվերն են կատարում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ թեման չի ցանկանում մեկնաբանել եւ համարենք, որ իրեն չենք զանգել: Երբ հակադարձեցինք, որ չենք կարող այդպես համարել, որովհետեւ մեծ դժվարությամբ ենք իր հետ կապվում, ՀԱԿ համակարգողն ասաց, որ ուրեմն այսուհետ «կֆիքսի» մեր հեռախոսահամարը եւ չի պատասխանի մեր զանգերին: Մեկնաբանություն ստանալու մեր ջանքերը իզուր չանցան, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ «չի ցանկանում մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամներ Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանը հայտարարություն են տարածել, որտեղ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրել են պաշտոնն ապօրինի բռնազավթելու մեջ:
Ավելի վաղ նրանք մեկ այլ հայտարարություն էին տարածել:
Պետրոս Մակեյանն, անդրադառնալով այդ հայտարարություններին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե նրանք պատվեր են կատարում: Սակայն եթե առաջին հայտարարության դեպքում չէր ասել, թե ում պատվերն են կատարում, ապա այժմ նա նշեց, որ նրանք Լեւոն Զուրաբյանի պատվերն են կատարում, իսկ ինքը «Զուրաբյան Լյովիկի խոսնակներին պատասխանելու բան չունի»:





























