Սայաթ-Նովա պողոտայից, երեկ` հունվարի 30-ին, Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել շարասյունով երթեւեկող 2 «Մերսեդես G 500» եւ «Պրիորա» մակնիշի ավտոմեքենաները: Իսկ ավելի ուշ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի, հատկապես կարեւորագույն գործերով քննիչի կողմից ձերբակալվել է 26-ամյա Ռուստամ Սահակյանը, ով ընթացքում խոչընդոտել է նաեւ լրագրողների աշխատանքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

NEWS.am-ի տեղեկություններով Ռուստամ Սահակյանը «օրենքով գող», վաղամեռիկ Արմեն Կանեւսկիի հարազատն է: Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով: Քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով եւ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:Սույն հոդվածն էլ պատժվում է 200-500-պատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Ռուստամ Ս-ն ձերբակալված է: Կատարվում է  նախաքննություն: Հարկ է նկատել, որ երեք մեքենաներն էլ 77-777 թվերով են եղել: Ինը քրեական աշխարհում ընդունված համարներ են:Ռուստամ Սահակյանը տարիներ առաջ հաշվառված է եղել Գեղարքունիքի մարզի Նորատուզ գյուղում :

Նորատուսի գյուղապետարանից NEWS.am-ին փոխանցեցին, որ Ռուստամը տարիներ առաջ է հաշվառումից դուրս եկել  եւ երկար տարիներ է, ինչ էլ գյուղում չեն ապրում, այլ ընդամենը գնում-գալիս են: Հիմնականում բնակություն են հաստատում Երեւանում եւ Ռուսաստանում: Իսկ Ռուստամի մասով միայն դրական բնութագիր տվեցին: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ Ռուստամն Արմեն Կանեւսկիի հետ արյունակցական կապ չունի, այլ ընդամենը հարազատներ են: