ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ԿԺԴՀ-ի լիակատար ապամիջուկայնացմանը իրենց հանձնառության մասին վերջին համատեղ հայտարարությունը չի ազդի հանրապետության միջուկային կարգավիճակի վրա, հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Ցոյ Սոն Հին։

«Որքան բարձր են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները խոսում ապամիջուկայնացման մասին, այնքան ավելի ամուր են դառնում մեր պետության համար միջուկային զենք ունենալու իրավականությունը և դրա ամրապնդման անհրաժեշտությունը, այնքան ավելի կկոշտանա մեր դիրքորոշումը ԱՄՆ-ի նկատմամբ»,- ընդգծել է Ցոյ Սոն Հին, նրա հայտարարությունը հինգշաբթի հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան իրենց հայտարարությամբ ցուցադրում են «առճակատման բնույթ»։

«Անկախ թշնամական ուժերի հռետորական պնդումներից՝ անփոփոխ կմնա այն փաստը, որ ԿԺԴՀ-ի՝ որպես միջուկային պետության կարգավիճակը հավերժ կմնա անձեռնմխելի, իսկ աշխարհաքաղաքական ճարտարապետության վերաձևավորումն ու ամրագրումը, որի կենտրոնում միջուկային զենքով ԿԺԴՀ-ն է, կլինեն անխուսափելի»,- հավաստիացրել է նախարարը։

Երկուշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին և Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Հյոնը ընդգծել են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի զարգացմանը հակազդելու և այդ երկրի լիակատար ապամիջուկայնացմանը հասնելու պատրաստակամությունը։

«Պետքարտուղարը և ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց ամուր հանձնառությունը ԿԺԴՀ-ի լիակատար ապամիջուկայնացմանը և Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերի ֆինանսավորումը կասեցնելուն»,- ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։

Միևնույն ժամանակ կողմերը պատրաստակամություն են հայտնել երկխոսության ԿԺԴՀ-ի հետ և Փհենյանին կոչ են արել վերսկսել բանակցությունները, որպեսզի «նպաստեն Կորեական թերակղզում խաղաղության և կայունության հաստատմանը»։