Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված գործողությունն ուղղված էր մեր դեմ, որովհետեւ սա բացահայտ սադրանք էր եւ ես որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ դատապարտում եմ մեր քաղաքական ուժի եւ իշխանության կողմից: Այս մասին, քիչ առաջ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով այստեղ է ժամանել տեղեկանալու նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակի մասին, ում վրա կրակել են իր տան դիմաց:
«Ես այստեղ տեսնում եմ հստակ սադրիչ գործողություն ժողովրդավարական, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման դեմ: Մեր քաղաքական ուժը շահագրգռված է, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար, թափանցիկ ու հանգիստ մթնոլորտում, եւ այդ հարցում ամենաշահագրգռվածը մենք ենք: Այս օրերին բոլորդ տեսել եք, որ եւ մեր ղեկավարը, եւ մենք բացարձակապես խոսել ենք հանդուրժողականության մասին»,-ընդգծեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Տպագրիչների փողոցում, իր տան դիմաց, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Այնտեղ է նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը:
NEWS.am-ի թղթակիցը հիվանդանոցից հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք: Նախնական տեղեկություններով Պարույր Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Պարույր Հայրիկյանի գիտակցությունը տեղն է, անրակի շրջանում է հրազենային վնասվածք ստացել:




Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























