Այս պահին, ընտրությունների այս կարեւոր պահին Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված հանցագործությունը միայն քաղաքական ենթատեքստ ունի: Այդ մասին այսօր` փետրվարի 1-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախագահի թեկնածուին այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Հայրիկյանն ընկճված չէր: Նա իրեն պահում էր, ինչպես միշտ, ոգու ուժեղությամբ եւ հավատում է, որ ամեն ինչ լավ կավարտվի», -նշեց Վ. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում, հունվարի 31-ին, ժամը 23.30-ի, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի տան դիմաց, նրա նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են  իրավապահ մարմինները: Այնտեղ էր նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց են ժամանել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ` վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք: Այստեղ են եկել նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք: