Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է, սակայն դեռ բժիշկները դուրս չեն եկել եւ որեւէ բան լրագրողներին չեն հայտնել: Վերակենդանացման բաժանմունքը շարունակում են հսկել մեծ թվով ոստիկաններ, իսկ բաժանմունքից այս կողմ սպասում են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ, շարունակում են այցելել պաշտոնյաններ, հասարակական քաղաքական գործիչներ եւ այլք:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե Հայրիկյանի դեմ կատարվածը մահափորձ է հայ քաղաքացու վրա: «Հայրիկյանին, որ եղել է խորհրդանիշ, պայքարող մարդ, բարի վերադարձ եմ մաղթում, հույս եմ հայտնում, որ ինքը վերսկսի, ուժ հավաքի շատ շուտ Հայաստանի անկախության, ազատության համար պայքարը շարունակելու համար, իսկ մնացած հարցերը ուղղեք ԿԸՀ-ին, ես պատրաստ եմ սպասել ինչքան պետք է, միայն թե ինքը վերադառնա քաղաքական ասպարեզ եւ պետական շինարարության գործին»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանը երեկ գիշերը իր ձեռքը սեղմեց, գիտակից էր, ինչը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ ապրում է կյանքի եւ մահվան խրթին սահմանի վրա, եւ դաս լինի բոլորիս համար ինչպես վերաբերվել մեկը մյուսի նկատմամբ: Համարում եմ, որ սա հարված է իմ վրա»,- ասաց նախագահի թեկնածուն:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























