«Ժողովուրդ» օրաթերթի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ հայտարարություն է տարածել թերթի դեմ դատական հայց ներկայացրած «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը։ Նա մասնավորապես նշել է, որ իր ընկերությունը նպատակ չունի «ճնշում գործադրել, կամ որ բացարձակապես  անընդունելի է, կասեցնել թերթի, որեւէ թերթի, տվյալ դեպքում «Ժողովուրդ»-ի տպագրությունը»։

«Մեզ համար ազատ եւ անկախ մամուլի դերն անգնահատելի է: Այն քաղաքացիական հասարակության կայացման հարցում ամենակարեւոր դերակատարությունն ունի: Բայց եւ շատ կարեւոր է զգալ եւ պահպանել ազատության այն սահմանը, որը չի սահմանափակում դիմացինի ազատություններն ու իրավունքները:

Հենց այս համատեքստում է մեր ընկերությունը դիմել դատարան՝ վիճարկելով ընկերության բարի համբավն ու հեղինակությունն արատավորելու «Ժողովուրդ» օրաթերթի փորձերը՝ ամենեւին նպատակ չհետապնդելով ճնշում գործադրել, կամ որ բացարձակապես  անընդունելի է, կասեցնել թերթի, որեւէ թերթի, տվյալ դեպքում «Ժողովուրդ»-ի տպագրությունը:

Ավելին, դատական հայցով մենք ուզում ենք ընդգծել, որ խոսքի ազատության բաղկացուցիչ եւ կարեւորագույն մասը պատասխանատվության բարձր զգացումն է գրված յուրաքանչյուր բառի համար: Հանգամանք, որի աստիճանով պայմանավորված է մամուլի հեղինակությունը: Իսկ լինելով ազատ մամուլի զարգացման ջատագով, հասկանալով, որ վերջինիս զարգացման հաջողություններով է պայմանավորված ազատ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մենք չենք հետապնդում «Ժողովուրդ»-ին լռեցնելու» մեզ վերագրվող նպատակը:

Ինչ վերաբերում է 3 մլն դրամ տուգանքի պահանջին, որն, ի դեպ, սահմանված է օրենքով, ապա մեր ընկերությունը հայտարարում է. այդ գումարը ստանալուն պես՝ այն կրկնապատկելու ենք եւ ուղղելու Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտին: Կարծում ենք՝ այդ հումանիստական քայլը մեկ անգամ եւս կմիավորի տնտեսական ոլորտի եւ մամուլի ասպարեզի գործիչների ձգտումը հնարավորին չափ նպաստելու ժողովրդի բարօրությանը»,-նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումը այն մասին, որ օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից հայտնել էին, թե պատճառն այն է, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան» եւ դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատին ու արժանապատվությունը, ինչպես նաեւ գործարար համբավը արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում եւ 3 մլն դրամի փոխհատուցում:

Պատճառն ըստ թերթի` նախկինում հրապարակված տեղեկությունն էր, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա»  ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: «Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երեւանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա: Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,-ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»,- գրել էր թերթը` ներկայացնելով նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայության հայտարարությունը:

«Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան ասել էր. «Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ոնց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը օրաթերթը 28.12.2012թ. դիմել է դատարան եւ Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել օրաթերթից եւ լրագրողից: Բայց ի տարբերություն մեծահարուստի, «Ժողովուրդ»-ը միայն ներողություն է պահանջում»,- նշել է թերթի խմբագրությունը: