Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի ԱՊՀ երկրների սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների համագումարին, որն անցկացվելու է Մոսկվայում։

«Մեր ընդհանուր նպատակն արդարությունն է եւ համերաշխությունը» խորագրով համագումարը մեկնարկում է փետրվարի 8-ին։ Համագումարի առաջին նիստը կայանալու է «Պրեզիդենթ հոթել» հյուրանոցում։ Միջոցառմանը մասնակցելու է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, պատվիրակներ են լինելու նաեւ Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ Մոլդովայից։

Համագումարի բացմանը «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը, Պետդումայում համանուն խմբակցության ղեկավար Նիկոլայ Լեւիչեվը եւ կուսակցության այլ անդամներ, համագումարի մասնակիցների հետ կքննարկեն միջխորհրդարանական եւ միջկուսակցական համագործակցության հարցեր։

Հարկ է նշել, որ հայաստանյան այլ կուսակցություներ, ինչպես օրինակ՝ Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցությունն է, համագումարին հրավիրված չեն։