Ընտրությունները հետաձգելը դժվար թե  ինչ-որ կերպ փոխի քաղաքական դասավորությունը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը։

«Զուտ բարոյական տեսակետից մյուս թեկնածուների ներկայացրած այդ  պահանջը հասկանալի է։ Սակայն ինչ վերաբերում է քաղաքական դաշտում փոփոխություններին, նման բան ենթադրելը դժվար է», – հավելել է նա։

Հարցին, թե ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ ինչու հանդես չեկավ իշխանությունը, Մարկարովը պատասխանել է, որ օրենսդրության համաձայն՝ նման բան առաջին հերթին Հայրիկյանը պետք է հայտարարի։ «Այդ պատճառով բոլորը սպասում էին Հայրիկյանի որոշմանը։ Սկզբում նա ասաց, որ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չկա, հետո այլ բան ասաց։ Զուտ պաշտոնական տեսակետից այդ քայլը հիմնավորված էր, քանի որ թեկնածուն քարոզարշավը շարունակելու համար անհաղթահարելի խոչընդոտներ ունի»,- ասել է Ա. Մարկարովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել հունվարի 31-ի ուշ երեկոյան՝ Տպագրիչների փողոցում գտնվող իր տան դիմաց։ Հայրիկյանին վիրահատել են, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։