ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող 32-ամյա Սամվել Աբրահամյանը մանկահասակ երեխային տեսնելու համար մեծ աղմուկ է բարձրացրել Մարտունիի «Շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում եւ կոտրել հիվանդանոցի գույքը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 32-ամյա Սամվել Աբրահամյանը՝ հանդիսանալով ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, Մարտունիի «Շրջանային բուժմիավորում» ՓԲԸ -ում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներից ելնելով, անհիմն վիճաբանել է բուժմիավորման մանկական բաժանմունքի աշխատակիցների հետ:
Ընթացքում նա մոտ 10-15 րոպե տեւողությամբ բղավել է եւ անձնակազմից պահանջել է իր մանկահասակ երեխային, ձեռքերով հարվածել եւ կոտրել բաժանմունքի միջանցքում դրված պահարանի ու շքամուտքի դռան ապակիները` դրանով խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը, որը զուգորդվել է գույքը վնասելով:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























