«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը քարոզարշավի երկրորդ շաբաթը բաժանում է երկու մասի` մինչեւ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը եւ նրա մահափորձից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:
Նա նշեց, որ մինչեւ Հայրիկյանի մահափորձը թեկնածուների մի մասը հավատում էր իշխանություններին, որ մրցակցային փուլ է, ժողովուրդը որեւէ հույս չէր կապում ընտրությունների հետ, համարում էր, որ դա դեկորացիա է. իսկ Հայրիկյանի մահափորձից հետո ստեղծվեց թշնամու երեւակայական կերպար, եւ անխնա բոլորը հարձակվեցին նրա վրա: Նրա կարծիքով`սա քաղաքական տեխնոլոգիա է: «Մեր մոտ թշնամու կերպարը ստեղծեցին եւ մի քանի օր դրանով էին զբաղված, ընդ որում` մի մասը թշնամուն փնտրում էր երկրի ներսում, մի մասը` երկրից դուրս: Անհասկանալի է, թե երկրի ներսում ում նկատի ունեն, քանի որ Հայաստանը փոքր երկիր է»,- ասաց Արամ Հարությունյանը:
Նախագահի թեկնածուի համար զարմանալի էր նաեւ Պարույր Հայրիկյանի տեսակետը` իր դեմ կատարված մահափորձի մեջ փնտրելով ռուսական հատուկ ծառայությունների հետքը: Նա շեշտեց, որ երբ նման անպատասխանտու հայտարարություններ ենք ունեցել, այդքան օգտակար չի եղել օպերացիայի բացահայտելուն: Արամ Հարությունյանը չի կարծում, որ ինչ-որ մեկը որոշել է հարամել ընտրությունները եւ Հայրիկյանը ամենահարմար թեկնածուն է:
Մեր հարցին, թե այս դեպքից հետո թիկնապահներով, զենքով եք ման գալու, թե ձեզ որեւէ բան չի պատահի, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ եթե մեկին վտանգ է սպառնում, ինքը պետք է դրանից պաշտպանվելու համար չեզոքացնի վտանգը»,- ասաց նա` շեշտելով, որ ինքը ՀՀ քաղաքացիներից մեկն է` իր իսկ կարգախոսի համաձայն, իսկ ՀՀ քաղաքացին թիկնապահ չունի:
Ի դեպ, նախագահի թեկնածուի` փետրվարի 8-ին թեկնածությունը հանելու մտադրությունը, չի փոխվել: Նա նշեց, որ որեւէ բան չի փոխվել, ընտրություններից 10 օր առաջ հանելու է իր թեկնածությունը` անկախ նրանից` ընտրությունները կլինեն փետրվարի 18-ին, թե կհետաձգվեն: «Խնդիրը այն է, որ մաքսիմալ օգտագործել քարոզարշավը եւ չմնալ քվեաթերթիկում»,- ասաց նա:
Քարոզարշավը մաքսիմալ օգտագործելու առումով փորձեցինք ճշտել, թե արդյոք Արամ Հարությունյանը ուրախացել է ընտրությունների հետաձգման հնարավորությունից, թե ոչ, ինչի վերաբերյալ նա նշեց, որ «Հայրիկյանին առողջություն է ցանկանում եւ չի կարծում, որ պետք է օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից»:
Կուսակցության ղեկավարը դեռեւս չի որոշել, թե երբ է գնալու մարդկանց հետ հանդիպումների, խնդիրն այն է, որ մարզեր գնալու համար պետք է ուղիղ եթերը բաց թողնի: Ընթացքը ցույց կտա` կհանդիպի նա ընտրողների հետ, թե ոչ: Բայց Արամ Հարությունյանը փաստեց, որ շատ շատ զանգեր է ստանում, մարդիկ ցանկանում են, որ գնա հանդիպի, եւ նա «բողոքեց», որ մի կողմից հեռախոսը փչանում էր գաղտանլսումներից, այժմ` շատ զանգերից:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնակցում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունվարի 21-ին:
Նշենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել էին:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով:Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:




























