Կապանում երեկ` փետրվարի 2-ին, ժամը 18.49-ի, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով «Կապանի» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորների առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կապանի» բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը:

Նա տեղեկացրեց, որ վթարի հետեւանքով տուժածների շարքում կային զինծառայողներ եւ երեխաներ: Հիվանդանոց էր տեղափոխվել երկու զինծառայող` 32-ամյա Բենիկ Խաչատրյանը եւ Մհեր Մկրտչյանը: Սմբատ Օրբելյանի խոսքով` վերջինս հոսպիտալացման կարիք չի ունեցել, հետազոտվել է եւ գնացել, իսկ Բենիկ Խաչատրյանը կրծքավանդակի վնասվածք է ստացել, այժմ գտնվում է հիվանդանոցում` դինամիկ հսկողության տակ: Վաղը, հիվանդանոցի տնօրենի խոսքով, ամենայն հավանականությամբ, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Վթարի հետեւանքով հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ երկու երեխա, որոնք, բարեբախտաբար, վնասվածքներ չէին ստացել եւ հետազոտվելուց հետո դուրս էին գրվել:

Վթարի հետեւանքով եւս երեք չափահաս տուժած այժմ գտնվում է «Կապանի» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքում: Բաժանմունքի վարիչ Ս. Աթաջանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նրանցից երկուսի վիճակը կայուն ծանր է, մեկինը` միջին ծանրության: 34-ամյա Քրսիտինե Գաբրիելյանը, բժշկի խոսքով, ստացել է համակցված վնասվածքներ, իսկ 36-ամյա Էդիկ Մուշկամբարյանը` գանգուղեղային համակցված վնասվածք, նարնց առողջական վիճակը կայուն ծանր է: Ս. Աթաջանյանի խոսքով` Գաբրիելյան Քրիստինեի մայրը` 57-ամյա Գաբրիլեյան Մելանիան, ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, առոսղջական վիճակը միջին ծանրության է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 2-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշված վայրում միմյանց են բախվել «ԳԱԶ 3110» եւ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները: