Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր եւ Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ քրդերի ունեցած դերի մասին, հաղորդում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ»-ին:
Ահմեդ Թյուրքը «IMC-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Արդեն պահն է, որ մենք, բոլորս ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրողությունները: Մեր հայրերը եւ նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների եւ եզդիների ջարդերում»:
Ահմեդ Թյուրքն հավելել է. «Ընդունենք որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների եւ եզդիների արյունով եւ մենք, որպես նրանց զավակներ եւ թոռներ, պարտականություն ունենք ազնվությամբ եւ համարձակությամբ ներողություն խնդրել նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքով, այս ներողության ընդունումը մեծ եւ հեղաշրջող նշանակություն ունի եւ կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական եւ մշակութային հաշվարակներում»:
Նա հույս է հայտնել, որ Թուրքիան նույնպես կընդունի իրողությունը, որ հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է: «Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանական ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ եւ եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստիեւ ներողություն խնդրելը չպիտի դժվար եւ անկարելի լինի»,- եզրակացրել է Ահմեդ Թյուրքը:





























