Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն, այսօր` փետրվարի 4-ին, ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Կառավարությունն առաջարկում է այս կանոնագիրքը համապատասխանեցնել կարգապահական կանոնագրքին, որում «կարգապահական մեկուսացում» տույժը փոխարինվել էր «կարգապահական վաշտ ուղարկել» տույժով: Նախագծով նաեւ ամրագրվում են զինված ուժերում ներդրված սպա-հոգեբանի եւ հրամանատարի՝ հրետանու գծով օգնականի գործառույթները:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կարեւորելով զինված ուժերում սպա-հոգեբանի եւ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնականի (տեղակալի) ինստիտուտների ներդրումը: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները եւ լրամշակել օրինագիծը, գտնել ընդունելի լուծումներ:
Կառավարության՝ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հետ համատեղ օրենսդրական նախաձեռնությունը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» առաջին ընթերցմամբ ընդունվել է մեկ տարի առաջ:
Պատգամավորների ելույթներից պարզ դարձավ, որ նախագիծն անհրաժեշտ եւ անգամ ուշացած են համարում բոլորը: Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, սակայն, այն ունի ձեւական բնույթ, չի առաջարկում ազգային մեխանիզմներ, հետեւաբար նոր խնդիրներ է առաջացնելու: Նաեւ՝ չեն ընդունվել իր խմբակցության առաջարկները: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագծին կողմ կքվեարկի, սակայն այն համարում է հռչակագրային եւ գործուն մեխանիզմներից զուրկ: Պատգամավորը դեմ է պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին՝ համարելով, որ սեռերի իրավահավասարությունը պետք է նախ արմատավորվի ազգային մտածելակերպով: Այդուհանդերձ, եթե այս օրենքը դառնա այդ մտածելակերպի փոփոխման հիմք, պատագամավորը կողմ է նաեւ այս տարբերակին: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նախագծում արտացոլված չեն հասարակական կազմակերպություններից ստացված մի շարք առաջարկներ:





























