Կարեւոր է, որպեսզի փետրվարի 18-ին դուք ձեր ազատ ընտրությունը կատարեք, անկախ նրանից՝ համաձայն եք իմ նոր առաջարկներին, թե՝ ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը բուկլետներ է բաժանել, որոնք ներառում են նրա նախընտրական ծրագրի 5 կարեւոր կետերը: Առաջին կետը վերաբերում է բյուջեի համալրմանը, ինչը պետք է հանգեցնի թոշակների 50 տոկոս աճի, ինչպես նաեւ առողջապահության, պաշտպանության, գիտության եւ կրթության ոլորտների ֆինանսավորման ավելացմանը: Երկրորդ կետը կոռուպցիայի նվազեցնումն է ինչպես հարկային, այնպես էլ դատական ոլորտներում, ինչն, իր հերթին, կբերի 180 հազար նոր աշխատատեղերի ստեղծման: Երրորդ կետով Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է վերացնել մենաշնորհները, ուժեղացնելով փոքր ու միջին բիզնեսը, գյուղն ու գյուղատնտեսությունը:
Նման բարեփոխումները թույլ կտան 10 տոկոս տնտեսական աճ ապահովել, հետեւաբար, կբարձրանան աշխատավարձերը, 600 հազար քաղաքացիներ դուրս կգան աղքատության վիճակից:
Նախագահի թեկնածուի 4-րդ կետով չեղյալ կհամարվեն հայ-թուրքական արձանագրությունները, կճանաչվի ԼՂՀ անկախությունը եւ կկառուցվի հզոր արտաքին քաղաքականություն:
5-րդ կետով Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է դադարեցնել արտագաղթը եւ հռչակել Մեծ վերադարձ: «Միայն բոլոր այդ կետերի իրագործումից հետո հնարավոր կլինի քայլ անել դեպի Նոր ու ազատ Հայաստան»,-ամփոփել է «Ժառանգության» ղեկավարը:





























