Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտնվում է «սառեցված» վիճակում, եւ մոտ ապագայում այն լուծելու իրական խաղաղ հեռանկարներ չկան: Մոտ ապագայում այդ հակամարտությունը հնարավոր չէ լուծել: Այդ մասին  Vesti.Az-ին հայտարարել է ռուս հայտնի քաղաքագետ, ՌԴ նախագահի Վերլուծական  վարչության նախկին ղեկավար Մարկ Ուրնովը:

Քաղաքագետի կարծիքով` խնդիրն այստեղ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի` տվյալ խնդրին ցուցաբերած վերաբերմունքը չէ, այլ ներկայիս Ղարաբաղի հասարակության դիրքորոշումը: «Սեփական ուսումնասիրություններից կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց պետության անկախության համար կպայքարեն մինչեւ վերջին մարդը: Բացի այդ, հասկանալի է, որ Երեւանը չի հրաժարվի նրանցից: Այնպես որ ես որեւէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ գույություն չունի որեւէ ուժ կամ իրադրություն, որոնց ազդեցությամբ գործերի դրությունը կփոխվի: Աբխազիան Վրաստանին վերադարձնելու խնդիրը ղարաբաղյան խնդրի համեմատ ` խաղալիք է»,- պնդել է Ուրնովը:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր բացմանը եւ ադրբեջանական կողմից Ղարաբաղի օդային տարածքում հայկական քաղաքացիական օդանավերին հարվածելու հարցին, Մ. Ուրնովը նշել է, որ եթե Ադրբեջանը ռմբակոծի հայկական  թեկուզ ռազմական օդանավերը, ապա դա միջազգային հանրության կողմից նրա վրա բացասականորեն կազդի: «Իսկ միջազգային հանրությանը մահու չափ զզվեցրել են տարածքային հակամարտությունները: Նրանք հակամարտող երկրներից ակնկալում են խաղաղության հաստատում: Իսկ եթե ռմբակոծվի գեթ մեկ ինքնաթիռ, ապա միջազգային հանրությունը ոչ միայն  բացասական գնահատական կստանա, այլ նաեւ ծայրահեղ դաժան:Ես չեմ բացառում նաեւ Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցները: Համաշխարհային հանրությունը կարձագանքի նույն ձեւով: Արդյունքում Ադրբեջանը կարող է ագրեսորի պիտակ ստանալ, իսկ Ղարաբաղի դիրքորոշումն անհավանականորեն կամրանա»,- ասել է քաղաքագետը: