Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օրակարգում ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու պահանջով ՍԴ դիմելու հարց չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ շարունակում են իրենց քարոզչությունը:

Նա նշեց, որ ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` ՍԴ դիմել, չդիմելու հարցը բացառապես  նրա որոշելու խնդիրն է, եւ նա վարվել է այնպես, ինչպես ճիշտ է համարել:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանություններն են համոզել Պարույր Հայրիկյանին չդիմել ՍԴ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Պարույր Հայրիկյանը այն անձը չէ, որի հետ կարելի է գործարքի գնալ, վախեցնել, պայմանավորվել:

«Նա մարդ է, ով իր ընկերների հետ անկախության, ազատության համար պայքարել է, եւ եթե մի մարդ 17 տարի անցկացրել է խորհրդային գուլագներում, չեմ կարծում, որ նրա նկատմամբ նման քննադատությունն իրականության հետ որեւէ կապ ունի: Սա աբսուրդային տեսակետ է: Հայաստանի իշխանությունները որեւէ մեկի հետ գործարքի գնալու խնդիր չունեն եւ անկախ ընտրությունների տեղափոխել, չտեղափոխելուց, կարծում եմ, որ դա ընտրական գործընթացի վրա չէր կարող լուրջ ազդեցություն ունենալ: Որովհետեւ պարզ է, որ մենք գնալու ենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ճանապարհով»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը ոչ միայն ուղղված է նրա դեմ, այլեւ Հայաստանի պետականության ու ընտրական պրոցեսի: ՀՀԿ խոսնակը, հիշելով Ունիսթոն Չերչիլի հայտնի խոսքերը, որ եթե ուզում ես քո ճանապարհը հասցնել ավարտին, ապա կանգ մի առ եւ քար մի նետիր ամեն մի վայրահաչողի վրա, նշեց, որ իրենք գնում են իրենց ճանապարհով եւ ուշադրություն չեն դարձնում այդ վայրահաչոցների վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասուլիսում հայտարարել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Նշենք, որ Սահմանադրության 52-րդ հոդվածը տարանջատում չի դնում նախագահի թեկնածուների միջեւ եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով, եթե կարծում է, որ անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել թեկնածուներից մեկի համար:  Հայաստանի նախագահական ընտրություններից ոչ ոք դեռ չի հայտարարել ՍԴ դիմելու հնարավորության մասին: Միայն էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է նշել, որ այժմ խորհրդակցում է իրավաբանների հետ, եւ եթե հնարավորություն լինի, ապա պատրաստվում է անպայման դիմել: