Առաջին անգամը լինելով` ՀՅԴ-ն եւ երկու այլ ուժեր հայտ չեն ներկայացրել` մասնակցելու այս ընտրություններին. այս աննախադեպ իրավիճակը լրջագույն  ախտանշան է այն խորը ճգնաժամի, որն առկա է Հայաստանի ընտրական համակարգում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսամյանը:

Նա իր ելույթում նշել է այդ ճգնաժամի հիմնական պատճառները.

«- իշխանության լիակատար չարաշահումը, որը իրականացվում է իշխող քաղաքական ուժի կողմից պետության վարչաֆինանսական ռեսուրսի անվերահսկելի եւ անսանձ օգտագործման միջոցով,

- ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրահեղ անվստահությունը,  ինչն արմատավորվել է իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու նախադեպի չգոյությամբ:

Ահա այս ծայրահեղ անհավասար եւ անմրցակցային պայմաններն են անիմաստ եւ անարդյունավետ դարձնում, իշխող քաղաքական ուժից բացի, որեւէ այլ քաղաքական ուժի նպատակային մասնակցությունը այս ընտրություններին:

Սրանից բացի, այլ բացատրություններ փնտրելը կամ ինքնախաբեություն է, կամ այս կամ այլ կերպ ծառայում է իշխանական սցենարի ամբողջացմանը:

Մենք ամենեւին չենք դադարեցնելու մեր պայքարը հանուն 7 կետերով մեր հռչակած նպատակների: Պարզապես մենք, նույն այդ 7 կետերի իրականացմանը հասնելու նպատակահարմարությունից ելնելով, այս պայմաններում հրաժարվում ենք պարտադրված կանոններով խաղեր խաղալուց: Երբ, այս ամենը իմանալով, մեզ քննադատում են իշխանությունները, ինչ-որ առումով հասկանալի է, որովհետեւ հակառակ դեպքում նրանք ստիպված պիտի ընդունեն այսպիսի ընտրություններից հրաժարվելու մեր փաստարկները:

Սակայն, երբ իրենց մասնակցությունը արդարացնելու համար այդ քննադատություններին միանում են նրանք, որոնք թվում է, թե իշխանության դեմ պետք է պայքարի ելած լինեին,  առնվազն տարօրինակ է: Թվում է, թե նրանք պետք է ուրախ լինեին, որ դաշտը մնացել է միայն իրենց եւ կարող են միավորել ու լիովին տնօրինել ընդդիմադիր ընտրազանգվածը:

Իսկ եթե փորձելու են իրենց առաջադրումը հիմնավորել նրանով, որ ավելի շատ տոկոս ունեն, քան չմասնակցողները, ապա պետք է հիասթափեցնեմ նրանց, որովհետեւ չմասնակցողների գումարային տոկոսը կազմում է շուրջ 45 տոկոս, որից իրենք անհամեմատ  ավելի հեռու են:

Իսկ եթե կարծում են, որ պայմանները բավարար են նորմալ ընտրություններ անցկացնելու եւ, որպես քաղաքական ուժ, բնական են համարում իրենց քաղաքական պայքարի մեջ մտնելը,  ուրեմն ընդունում են, որ պայքարը քաղաքական է, հետեւաբար պետք է ընդունեն նաեւ  ընտրությունների արդյունքներ եւ շնորհավորել կանխորոշված հաղթողին:

Հակառակ դեպքում` ստիպված են լինելու կրկնել մեր նախապես արված  գնահատականները, բայց արդեն իշխանություններին  մեծ ծառայություն մատուցելուց հետո»: