Թուրքիան փորձում է հանդես գալ տարածաշրջանային առաջնորդի դիրքերից, միաժամանակ շարունակելով Հայաստանի շրջափակումը, իսկ դա անընդունելի է: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` Թուրքիայի իշխանությունները խեղաթյուրում են պատմությունը եւ խոչընդոտում նրան, որպեսզի թուրք ժողովուրդը ծանոթանա սեփական պատմությանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտենալու մասին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ` անկախ ամսաթվերից: «Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեր անվտանգության հարցն է: Քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, մեր ազգային անվտանգության ուղղված սպառնալիքը պահպանվում է»,-հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ԱՄՆ նախագահը կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառը, թե` ոչ, Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Օբաման արդեն հնչեցրել է «եղեռն» բառը, ինչը նշանակում է ցեղասպանություն»: «Կարծում եմ, որ եթե Օբաման ասեր «ցեղասպանություն», էլի ինչ-որ մեկը դժգոհ էր մնալու»,-նշել է նա, հիշեցնելով, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողով ստեղծվել:





























