Այսօր` փետրվարի 9-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել եւ մերժվել է «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը` դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար Հանձնաժողովի որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի որոշել էր, որ դեղորայքի շուկայում գործող 7 ընկերություն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հակամրցակցային համաձայնության գալով, չհիմնավորված (միաժամանակյա, որոշակի ժամանակահատվածում) բարձրացրել էին դեղորայքի իրացման գները` սահմանափակելով մրցակցությունը եւ չունենալով դրա համար տնտեսական որեւէ հիմնավոր գործոն: Մասնակից ընկերություններն, ըստ օրենքի, տուգանվել էին յուրաքանչյուրն իր շրջանառության 2 տոկոսի չափով: Տուգանքի չափը ընդհանուր առմամբ (յոթ ընկերության համար) կազմել է ավելի քան 450 միլիոն դրամ: Վարչական բողոքում նշված փաստարկները Հանձնաժողովը ոչ հիմնավոր է համարել` տուգանքի մասին որոշումը թողնելով ուժի մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Արմինե Ուդումյանից: