Ռուսաստանում կրկին դպրոցականի են առեւանգել, բռնաբարել եւ սպանել: Այս անգամ ողբերգությունը կատարվել է Իրկուտսկի մոտ: 11-ամյա Ուլյանա Ալեքսեեւային գտել են անհետանալուց մեկ օր անց: Աղջիկը մի քանի ժամ առաջ մահացած է եղել: 

Ուլյանա Ալեքսեեւան անհետացել էր փետրվարի 7-ին: Աղջիկը տնից մեկնել է արտադպրոցական պարապմունքների, բայց այդպես էլ տեղ չի հասել: Նույն երեկոյան աղջկա բացակայությունից անհանգստացած մայրը դիմել է ոստիկանություն:

Ուլյանայի որոնումներով ավելի քան 200 մարդ է զբաղվել՝ անձնակազմը,  կուրսանտները եւ կամավորներ: Աղջկա մարմինը հայտնաբերել է իներտ նյութերի «ԻՆԷՄ» գործարանի պահակը:

Հանցանքի վայրում արդեն մի քանի ժամ է աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները: Փորձագետները եզրակացրել են, որ աղջկան խեղդամահ են արել: Նրա հագուստն ընկած է եղել մարմնի կողքին: Նախնական վարկածով՝ աղջկան բռնաբարել են:

 «Երեխայի եղունգների տակ օրգանական նյութի մասնիկներ են հայտնաբերվել, համակողմանի փորձաքննություն  է նշանակվել»,  - Life News-ին ասել է քննչական մարմնի աղբյուրը: Ենթադրյալ մարդասպանին առայժմ չեն գտել, տեղանքը զննում են ոստիկանները, կուրսանտները եւ կամավորները:

Նախօրեին համանման մեկ այլ դեպք էր բացահայտվել. Նաբերեժնիե Չելնիում ութամյա Վասիլիսա Գոլիցինային առեւանգել, բռնաբարել եւ սպանել էին: Հանցագործության կատարման մեղքը խոստովանել էր Ուզբեկստանի քաղաքացին:

 Եվս մեկ ահավոր սպանություն Ռուսաստանը ցնցել էր նախորդ տարվա օգոստոսին. պյատիգորսկցի մոլագար Ամբարձումովը բռնաբարել եւ խեղդել էր իննամյա Անյա Պրոկոպենկոյին: