Կանադայի ռազմածովային հետախուզության սպա Ջեֆրի Փոլ Դելայլը, որը խոստովանել է Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելը, 20 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ մոտ 112 հազար դոլար տուգանքի։
Մեկ շաբաթ առաջ ամփոփիչ դատալսումների ընթացքում 41-ամյա Դելայլին մեղադրել են պետական գաղտնիքները օտար պետությանը հայտնելու եւ ծառայողական դիրքը օգտագործելով վստահությունը չարաշահելու համար։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դելայլին հասանելի է եղել ոչ միայն Կանադայի պաշտպանության նախարարության, այլեւ ՆԱՏՕ-ի փակ տվյալների բազան։ Նա գաղտնի նյութեր է փոխանցել 2007-ի հուլիսի 6-ից մինչեւ 2012թ. հունվարի 13-ը, երբ կալանավորվել է։ Նա լրտեսության համար ամսական մոտ 3 հազ. դոլար է ստացել, գրում է NEWSru.com-ը։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում փաստաբան Մայք Թեյլորը զարմանք էր հայտնել այն կապակցությամբ, որ կանադական հետախուզությունից կամ պաշտպանության նախարարությունից ոչ ոք բանտարկյալի հետ հանդիպելու ցանկություն չի հայտնել։
Դելայլը մինչեւ կալանավորման պահը ծառայության մեջ է եղել եւ ամսական 5,6 հազար դոլար աշխատավարձ ստացել։ Մեղադրական դատավճռից հետո դավաճանին կզրկեն ռազմական կոչումից եւ կվռնդեն ռազմածովային ուժերից։
Մինչեւ 2010թ. Դելայլն աշխատել է Կանադայի ԶՈՒ ռազմածովային ուժերի հետախուզական «Տրինիտի» կենտրոնում։
Նա ինքն է 2007թ. կամովին գնացել Օտտավայում Ռուսաստանի դեսպանատուն։ Իր իսկ խոսքով՝ այդ քայլին դիմելու պատճառը կոտրված սիրտն է եղել. Նրան դավաճանել է կինը։ «Ես ցանկանում էի մեռնել, բայց երեխաներիս (չորս երեխա ունի) չէի կարող թողնել, ուստի որոշեցի մասնագիտական ինքնասպանություն գործել»։




























