ԱՄՆ-ի Օհայո նահանգում համիշների կրոնական կազմակերպության ղեկավար Սամյուել Մալեթն ու նրա 15 հետեւորդները դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման այն բանի համար, որ կտրել են իրենց համայնքի մի քանի անդամների մորուքն ու գլխի մազերը: Համիշների համար դա վիրավորական է:
Մալեթի 15 հետեւորդները, որոնք ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, դատապարտվել են 1-7 տարվա ազատազրկման: Ինքը՝ Մալեթը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ ատելության հողի վրա կատարած հանցագործության մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը, Սամյուել Մալեթն Օհայո նահանգում գործող բողոքական համիշների աղանդի առաջնորդն է: Դատարանը պարզել է, որ նա եւ իր 15 հանցակիցները 2011-ի աշնանը առնվազն 8 հարձակում են գործել իրենց աղանդի այլ անդամների վրա: Տուժածների շարքում եղել է 6 տղամարդ եւ 2 կին: Աղանդավորները բռնությամբ կտրել են տղամարդկանց մորուքները, իսկ կանանց՝ մազերը: Մալեթն անձամբ չի մասնակցել հարձակումներին, այլ միայն հրամաններ է տվել: Ըստ համիշների աղանդի կանոնների, ամուսնացած տղամարդիկ չպետք է սափրեն մորուքը, իսկ կանայք չպետք է կտրեն մազերը:
Դատավճռի հրապարակումից առաջ, 18 երեխաների հայր Մալեթը հայտարարել է, որ համաձայն է պատիժ կրել նաեւ մյուս մեղադրյլաների փոխարեն:





























