Սլովենիայի իրավապահ մարմինները փետրվարի 8-ին Լյուբլյանայի կենտրոնում հակակառավարական ցույցի ամենաագրեսիվ մասնակիցներին ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել:

Ուժային գործողությունները կիրառվել են այն բանից հետո, երբ ցուցարարների մի մասը փորձել է հանել խորհրդարանի մոտ տեղադրված արգելապատնեշը: Վեց մարդ ձերբակալվել է:

Ըստ սլովենական լրատվամիջոցների` հակակառավարական ցույցին մասնակցել է երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակից դժգոհ մոտ 20 հազար մարդ, որոնք պահանջել են վարչապետ Յանեզ Յանշայի գլխավորած կառավարության, Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչի եւ իշխանության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հրաժարականը, հաղորդել է  «Ռոսբալթը»:

Սլովենիայի տարբեր քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցերն ու բախումները սկսվել են 2012 թվականի նոյեմբերից: Ցուցարարները միավորվել են սոցիալական կայքերի միջոցով եւ փողոց են դուրս եկել` բողոքելով սոցիալական վիճակից եւ իշխանությունների վարած քաղաքականությունից: Երկրում իրավիճակը սրվել է երկրի վարչապետի եւ Լյուբլյանայի քաղաքապետի շուրջ առաջացած կոռուպցիոն աղմուկից հետո: Պետական հակակոռուպցիոն կոմիտեն ընթացիկ տարվա սկզբին զեկույց է հրապարակել, որտեղ հաստատվել է, որ Յանեզ Յանշան չի հրապարակել եկամտի ավելի քան 200 հազար եվրոյի մասին, իսկ Զորան Յանկովիչը չի բացատրել  2,4 մլն եվրոյի հայտնվելը: