Կանադայի դաշնային դատախազները հնդկացի սենատոր Պատրիկ Բրազոյին մեղադրել են երկու`  «ընտանեկան բռնության» եւ «սեռական բռնության» հոդվածներով: Պարեկները Բրազոյի տուն են եկել փետրվարի  7-ին` տուժողի կողմից 911 ծառայություն զանգահարելուց հետո: Ալգոնկիների ցեղից 38- ամյա սենատորը ձերբակալվել է: Դատավորը համաձայնվել է նրան ազատ արձակել 1 հազար դոլար գրավի դիմաց:

Բրազոյին արգելել են հրազեն օգտագործել եւ 150 մետրից ավել մոտենալ տուժածին, որի անունը չի հայտարարվել, կամ նրա հետ հեռախոսային եւ համացանցային կապ հաստատելու փորձ անել:

Խորհրդարանի վերին պալատը դատաքննության ողջ ընթացքում նրան արձակուրդ էր ուղարկել` ընդ որում պահելով 132,3 հազար դոլար կազմող աշխատավարձը: Պահպանողական կուսակցությունը, որի անդամ էր եւ Բրազոն, հեռացրել է նրան իր շարքերից: 

Կանադայում սենատորները չեն ընտրվում, այլ նշանակվում են վարչապետի կողմից: Վարչապետ Սթիվեն Հարփերը Բրազոյին օրենսդիր է նշանակել 2008 թվականին, երբ վերջինս ղեկավարել է Տեղի ժողովուրդների կոնգրեսը: 2009 թվականի հունվարին նա ստիպված է եղել հրաժարվել տվյալ կազմակերպության ղեկավարի պաշտոնից, քանի որ աշխատակցուհիներից մեկը նրան մեղադրել է սեռական բռնություն կիրառելու մեջ: Վերջին չորս տարիների ընթացքում Բրազոն մեկ անգամ չէ, որ ընկել է աղմկահարույց իրավիճակի մեջ: Մասնավորապես` բռնցքամարտի մենամարտի է կանչել հանրային պալատի անդամ` լիբերալ Ջասթին Տրյուդոյին եւ պարտվել է, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բրազոն համարում է, որ իր դեմ նպատակաուղղված քարոզարշավ է ընթանում այն բանի համար, որ նա սենատոր է նշանակվել 34 տարեկան հասակում եւ, որ ծագումով հնդկացի է: