Չիլիում դատարանը որոշում է կայացրել Արտաշիրման ենթարկել 1973 թվականի սեպտեմբերին մահացած պոետ Պաբլո Ներուդայի աճյունը`մահվան պատճառը ճշտելու համար:

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր, կոմունիստական կուսակցության անդամ Ներուդան մահացել է Սանտյագոյում  1973 թվականի սեպտեմբերին`  69 տարեկան հասակում` նախագահ սոցիալիստ Սալվադոր Ալենդեի տապալումով եւ գեներալ Ագուստո Պինոչետի իշխանության գալով ավարտված ռազմական հեղաշրջումից տասներկու օր անց:

Ըստ բժշկական տվյալների` Ներուդան մահացել է շագանակագեղձի քաղցկեղից: Սակայն, ինչպես հիշեցնում է  «Ինտերֆաքս»-ը, Ներուդայի կողմնակիցները չեն հավատացել նրա մահվան պաշտոնական վարկածին:

Ներուդայի վարորդը` Մանուել Արայան հաստատել է, որ Ներուդային դեղամիջոց են ներարկել, որը սրտի կաթված է առաջացրել: Ընդ որում դա գիտակցաբար է արվել: Արայան ասել է, որ Ներուդան մահվանից մի քանի ժամ առաջ կարողացել է կարգին քայլել եւ խոսել:

Ներուդան ավելի շատ հայտնի է եղել իր պոետիկ ստեղծագործություններով, որոնց համար 1971 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել, սակայն, բացի դա, նա ամբողջ կյանքում եղել է Կոմունիստական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր եւ Ֆրանսիայում նախկին դեսպան: