«Նաշա Ուկրաինա» կուսակցությունում լուրջ պառակտում է սկսվել. Քաղխորհրդի նախագահ Սերգեյ Բոնդարչուկը կուսակցությունից հեռացրել է կուսակցության նախագահ, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, իսկ վերջինս էլ ի պատասխան հեռացրել է Բոնդարչուկին:
Բոնդարչուկը հայտարարել է, որ Յուշչենկոն ընտրական հանձնաժողովներում տեղերը տվել է երկրում իշխող «Ռեգիոնների կուսակցությանը», չի կատարել պարտքերը կուսակցությանը վերադարձնելու խոստումը, իսկ հիմա արգելափակում է համագումար հրավիրելու նախաձեռնությունը, որպեսզի ստիպված չլինի հաշվետվություն տալ: Ելնելով դրանից, կուսակցության Կիեւի քաղաքային կազմակերպությունը կուսակցությունից հեռացրել է Յուշչենկոյին:
Իր հերթին, «Նաշա Ուկրաինայի» քաղխորհուրդը Բոնդարչուկին հեռացրել է քաղխորհրդի նախագահի պաշտոնից: Այդ որոշմանը կողմ է քվեարկել քաղխորհրդի 54 անդամ:
Հիշեցնենք, որ «Նաշա Ուկրաինա» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել էր ընդամենը 1,1 տոկոս եւ չէր հաղթահարել 5 տոկոսի շեմը:





























