Գերմանիայի կրթության նախարար Անետ Շավանը, ով մի քանի օր առաջ զրկվել է գիտական կոչումից` գիտական թեզը գրելիս գրագողության դիմելու պատճառով, հրաժարական է տվել: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Շավանի հետ հանդիպումից հետո, նրա հետ համատեղ ասուլիսում:

«Նախարար Շավանն առաջարկել է հրաժարական տալ: Ծանր սրտով ես այդ առաջարկն ընդունել եմ»,-ասել է Մերկելը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 5-ին, Գերմանիայի կրթության նախարար Անետ Շավանին գրագողության համար զրկել են գիտական աստիճանից: Ըստ գիտնականների` իր գիտական աշխատանքում նա  ամբողջական էջերով պատճենել է ուրիշների աշխատությունների բովանդակությունը: Նախարարը չի պատրաստվում հանձնվել. նա պնդում է, որ գրագողությամբ չի զբաղվել եւ չի պատրաստվում լքել պաշտոնը:

Փիլիսոփայական «Անհատականությունը եւ խիղճը» թեմայով թեզը Անետ Շավանը պաշտպանել է 1980թ. Դյուսելդորֆի համալսարանում եւ գրեթե 33 տարի «դոկտոր» էր կոչվել:

Նախորդ տարվա մայիսին իրեն Ռոբերտ Շմիդտ անվանող բլոգերը հարյուրավոր մեջբերումներ էր հրապարակել նրա գիտական թեզից, որտեղ խախտվել էին մեջբերման կանոնները: Երբ աղմկահարույց թեման համացանցից անցել էր թերթերին եւ հեռուստալուրերին, Շավանը հրապարակայնորեն հերքել էր գրագողության մեղադրանքները, հաղորդում է vesti.ru-ն:

Այնուամենայնիվ, համալսարանում հետաքննություն էր սկսվել, որը տեւել էր ինն ամիս, եւ միայն հունվարի սկզբին դրա արդյունքները փոխանցվել էին Դյուսելդորֆի համալսարանի ռեկտորատ: Նախօրեի երեկոյան պարզվել է, որ նախարարը զրկվել է աստիճանից:

2011թ. նման մեղադրանքներ էին առաջադրվել Գերմանիայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Կարլ Թեոդոր ցու Գուտենբերգին: Նա զրկվել էր գիտական աստիճանից եւ հրաժարական տվել: