Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի Ալահաբադ քաղաքի կայարանում փետրվարի 10-ի երեկոյան հնդիկների սրբազան Կումբհ մելա (Սափորի տոն) փառատոնի ժամանակ հրմշտոցի հետեւանքով զոհվել է 36 մարդ:
Իրավապահ մարմինները պնդում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը հիվանդանոցներում գտնվում են ծանր վիճակում:
Քանի որ քաղաքի մուտքերը փակ են, Ալահաբադ կարելի է ժամանել միայն գնացքով: Երեկոյան կայարանում հավաքվել էր չորս հազար մարդ: Ութար Պրադեշ նահանգի կառավարությունը սկսել է ողբերգության հանգամանքների հետաքննությունը: Ըստ որոշ ականատեսների` արտակարգ իրավիճակի պատճառը եղել է այն, որ ոստիկանությունը երկար ժամանակ ուխտավորներին պահել էր կայարանում` թույլ չտալով դուրս գալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կումբհ մելան տեւում է 55 օր եւ այս տարի կավարտվի մարտին: Ըստ իշխանությունների հաշվարկների` այս տարի այդտեղ են ժամանել շուրջ 35 միլիոն մարդ, որոնց հանգիստը հսկում են մինչեւ 15 հազար ոստիկան եւ 30 հազար կամավոր:
Փառատոնն անցկացվում է 12 տարին մեկ անգամ Ալահաբադ, Հարիդվար, Նասիկ եւ Ուջայն քաղաքներում:





























