Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է 6 տղամարդու, որոնք կասկածվում են Ակապուլկո հանգստավայրում 6 իսպանուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Մախնական տեղեկություններով` բռնաբարողների խմբում ընդգրկված են եղել դեպքի վայրից ոչ հեռու գտնվող մի քանի ռեստորանների աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, 6 իսպանացի զբոսաշրջիկ աղջիկներ, ովքեր մեկնել էին Մեքսիկա հանգստանալու, խմբակային բռնաբարության են ենթարկվել հայտնի Ակապուլկո հանգստավայրում: Դիմակներով եւ զինված 10 տղամարդ ներխուժել է տեղի մասնավոր հյուրանոցներից մեկի առանձնացված համարներից մեկը, որտեղ ապրել են կանայք եւ բռնաբարել նրանց: Տղամարդիկ նաեւ կողոպտել են իրենց զոհերին:
Ինչպես հաղորդում է Proceso.com.mx կայքը, բռնության փաստը հաստատել են տեղի իշխանությունները: Տուժածները հանցագործության մասին հայտնել են դատախազությանը:
Կասկածյալներից երկուսին արդեն ճանաչել են բռնաբարված կանանցից երկուսը: Միաժամանակ, փետրվարի 10-ի առավոտյան 5 ձերբակալվածների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել Դե Լաս-Նասյոնես պուրակում, պահանջելով ազատ արձակել իրենց հարազատներին: Նրանք չեն հավատում մեղադրանքին եւ նույնիսկ փակել են Ակապուլկոյի օդանավակայան տանող ճանապարհը, հաղորդում է NEWSru.com-ը:




























