Ռուսաստանի Բաշկիրիայի հանրապետությունում Ճանապարհային ոստիկանության տեսուչները ձերբակալել են հանցագործներին, որոնք սեփականատիրոջը պահել են մեքենայի մեջ եւ փորձել են վաճառել այն:

Ստերլիտամակ քաղաքում փաստաթղթերի սովորական ստուգման արդյունքում իրական հանցագործություն է բացահայտվել: Վարորդական իրավունքը ստուգելու համար, ՃՈ աշխատակիցներ Ֆարիթ Բայազիտովն ու Սասուն Մկրտչյանը կանգնեցրել են  «Մազդա» մակնիշի մեքենան եւ այդպիսով փրկել մեքենայի սեփականատիրոջը, ով բեռնախցիկից հուսահատորեն օգնութան էր կանչում:

Կանգեցնելով մեքենան` տեսուչը խնդրել է ներկայացնել վարորդական իրավունքը եւ նկատել է, որ վարորդը չի կարողանում գտնել անհրաժեշտ փաստաթղթերը: Այդ ժամանակ  «Մազդայի» բեռնախցիկից հարվածների ձայներ են լսվել:

Ինչ-որ պահի բեռնախցիկում թաքցված մարդն այնքան ուժեղ է հարվածել, որ մեքենան սկսել է ճոճվել եւ տեսուչը պահանջել է բացել բեռնախցիկն ու ներկայացնել պարունակությունը, հաղորդում է  LifeNews-ը:

Մեքենայի խուզարկման արդյունքում ոստիկանները հայտնաբերել են Ստերլիտամակի 31-ամյա բնակչին, ում դեմքին քերծվածքներ են եղել: Տուժողի խոսքով` երկու տղամարդ, որոնց նա փորձել է տեղ հասցնել իր մեքենայով, ծեծել են իրեն եւ կապելով` բեռնախցիկի մեջ են մտցրել: Չարագործները շարժվել են դեպի Չելյաբինսկի շրջան` տվյալ մեքենան վաճառելու նպատակով: Երկու հանցագործներն էլ ձերբակալվել են: