Հայաստանի առողջապահության նախարարությունն արձագանքել է փետրվարի 10-ին, Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանում զանգվածային թունավորման դեպքին:

Ստորեւ ներկայացնում ենք նախարարության հաղորդագրությունն այդ դեպքի կապակցությամբ.

«Առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել, որ աղիքային երեւույթներով 15 հիվանդ հոսպիտալացվել է «Արմավիր», 6-ը`Էջմիածնի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներ, 1-ը` Երեւան` սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ:

Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդները փետրվարի 9-ին «Շանսոն» ռեստորանում հարսանյաց հանդեսի ժամանակ կերել են հավի կրծքամսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան, խոզի մսով խորոված: Սննդի ընդունումից 3-4 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել թունավորման նշաններ: Բոլոր հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները հիմնականում նույնն են եղել` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, որովայնի կծկանքային ցավեր,վքնածություն:

Թունավորման հավանական գործոնը սնունդն է, քանի որ բոլոր հիվանդներն օգտագվործել են նշված միեւնույն սննդատեսակները։ Բացի այդ  վարակի գաղտնի տեւողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաեւ դրանց միաժամանակ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմանը:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից  կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Շանսոն» ռեստորանում խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակն անբավարար է:

Հիվանդների վաղ հայտնաբերման եւ հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով տեղում ձեռնարկվել են հակահամաճարակային համալիր միջոցառումներ.  

 -ժամանակավորապես դադարեցվել է հանրային սննդի կազմակերպության գործունեությունը,

 - օգտագործված սննդամթերքից, ջրից, շրջակա միջավայրից վերցվել են նմուշներ` թունավորման պատճառագիտությունը պարզելու նպատակով լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: 

Ներկայումս 21 հիվանդ դուրս է գրվել լավացումով։ Դեռեւս հսկողության տակ է գտնվում Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ տեղափոխված հղին, ում վիճակը բավարար է:

Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Իրավիճակը վերահսկվում է»: