Վանաձոր «Դեղձանիկ» կոչվող ռեստորան-բարում Հայաստանի ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող 24-ամյա Արմեն Խառատյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նշված բարի պարուհի Մարգո Մինասյանի կամքին հակառակ, պարի հրավիրելու հարցի կապակցությամբ վիճաբանել այնուհետեւ ծեծել է այդտեղ պահպանություն իրականացնող ոստիկանին: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն` 24-ամյա  Արմեն Խառատյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ավտոտեխնիկայի վերանորոգման վաշտի արտագնա 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ, 2012թ-ի դեկտեմբերի 3-ին, ժամը 23-ի սահմաններում գտնվելով Վանաձորի «Դեղձանիկ» կոչվող ռեստորան-բարում, պարուհու պատճառով վիճել, ապա ծեծել է այնտեղ պահպանություն իրականացնող ոստիկանին:

Արմենը ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նշված բարի պարուհի Մարգո Մինասյանի կամքին հակառակ պարի հրավիրելու հարցի կապակցությամբ, գիշերային ակումբում իր ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Վանաձորի պահպանության բաժնի ոստիկան, սերժանտ Մկրտիչ Նահապետյանի կողմից կարգի հրավիրելու առումով դիտողության արժանանալով, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում քաշքշել է նրա համազգեստից եւ ձեռքի բաց ափով մեկ անգամ հարվածել է նրա դեմքի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Քրեական գործ է հարուցվել 316 հոդվածի 1-ի առաջին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել փետրվարի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: