Դաղստանում արյունալի հաշվեհարդար է կատարվել. ՆԳՆ-ի աշխատակցի երկու որդիներին գտել են կոկորդը կտրած վիճակում, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հանրապետական վարչությունը:

Դեպքը կատարվել է Դերբենտի շրջանի Բելիջի գյուղում: Ոչ գերատեսչական թիկնախմբի աշխատակիցը, կնոջ եւ երկու դուստրերի հետ տուն վերադառնալով, երկու որդիներին սպանված է գտել: Երեխաների մարմիններին կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել, հայտնում է «ԱիՖ»-ը: Տարբեր վարկածներով՝ երեխաները 9 եւ 11 կամ 11 եւ 12 տարեկան էին:

LifeNews-ը հայտնում է, որ հարձակման պահին ավագ որդին՝ Հանեմիրը եւ կրտսերը՝ Մաքրիդը, տանը մենակ են եղել: Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 11-ի երեկոյան ժամը 22.00-ին:

Ամենայն հավանականությամբ, մարդասպանը, ցանկապատից թռչելով, մուտքի դռնով ներս է սողոսկել: Առաջինը հանդիպել է Մաքրիդին եւ առանց երկար մտածելու դանակահարել 11-ամյա երեխային: Եղբոր սպանության ականատեսն է դարձել 12-ամյա Հանեմիրը, ով փորձել է փախչել եւ թաքնվել, սակայն ոճրագործը բռնել է նրան, գցել գետնին եւ սպանել՝ կտրելով կոկորդը:

Գազանաբարո սպանության դրդապատճառներն առայժմ անհայտ են: Պարզվել է, տնից անհետացել են փողերը եւ ոչ մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր: