Մեքսիկական ծոցում անշարժացել է 4000 ուղեւոր տեղափոխող Carnival Triumph զբոսանավը, որը փետրվարի 7-ին Թեքսասի նավահանգստից քառօրյա ճամփորդության էր մեկնել: Փետրվարի 10-ին նավի տեխնիկական մասում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում շարժիչները խափանվել են: Նավում խմելու ջրի եւ սննդի պաշարները սպառվում են, հայտնում է gazeta.ru-ն:

Utro.ru-ն գրում է, որ վթարային նավին արդեն մոտեցել է երկու քարշակներից մեկը՝ ուղեւորներին տարհանելու համար: Ճշտված տվյալով՝ Carnival Triumph-ում 3 հազար 143 ուղեւոր եւ գրեթե 1,1 հազարանոց անձնակազմ է գտնվում: Ոչ ոք չի տուժել:

Նավի սեփականատեր Carnival Cruise Lines ընկերության ներկայացուցիչ Վենս Գուլիկսենի խոսքով՝ երկրորդ քարշակը տեղ կհասնի հինգ ժամից: Սպասվում է, որ   Carnival Triumph-ը փետրվարի 13-ին կքարշակվի Մեքսիկայի Պրոգրեսո նավահանգիստ, որտեղից ուղեւորներին օդանավերով ԱՄՆ կհասցնեն: