Հայաստանում հանցագործությունների ընթհանուր թվի կրճատմանը զուգահեռ, արձանագրվել է որոշ տեսակի հանցագործությունների աճ: Այս մասին, այսօր` փետրվարի 12-ին, Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում նշել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
Դատախազության տվյալներով` 2012-ին, ընդհանուր առմամբ, արձանագրվել է 15776 հանցագործությունը, ինչը 796-ով պակաս է 2011-ի ցուցանիշից: Միաժամանակ, ավելացել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը` 3499-ից հասնելով 4536-ի:
Ավելացել են դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու (1359-ից հասել է 1640-ի), սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների (71-ից հասել է 105-ի), բռնաբարությունների եւ բռնաբարության փորձերի (15-ից հասել է 19-ի) դեպքերը:
Միաժամանակ, կրճատվել է սպանությունների (60-ից իջել է 50-ի), սպանության փորձերի (29-ից իջել է 25-ի) դեպքերը: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 86,1 տոկոսը կազմում են առողջությանը վնաս հասցնելու հանցագործությունները:
2012 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայման մակարդակի աճ, այն կազմել է 96,2 տոկոս: Դատախազությունում համարում են, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների մակարդակի աճը պայմանավորված է նման հանցագործությունների հաշվառման բարելավմամբ, ոչ թե քանակական աճով:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























