Հանրապետությունում 2012 թ. ընթացքում հարուցվել է 309 կոռուպցիոն բնույթի քրեական գործ:
Հայաստանի գլխավոր դատախազության տվյալներով, դրանցից 60-ը (նախորդ տարի 66-ը) վերաբերել է ՀՀ քրեական օրրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին, 86-ը` (նախորդ տարի 121-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 27 քրեական գործ` (նախորդ տարի 34-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 36-ը` (նախորդ տարի 43-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 18-ը` (նախորդ տարի 33-ը) ՀՀ քրեական օրենգրքի 311-րդ հոդվածով` կաշառք ստանալուն, 7-ը` ՀՀ քրեական օրենգրքի 3111-րդ հոդվածով` հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (նախորդ տարի 12-ը), 13-ը` (նախորդ տարի 18-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում ըստ էության ավարտվել են կոռուպցիոն բնույթի 281 գործ (նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 279-ի համեմատ), 132 քրեական գործի վարույթ կարճվել է (նախորդ տարի 143-ը), 63-ը` արդարացման հիմքով (նախորդ տարի 56-ը), 69-ը` ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի 87-ը):
Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 149 քրեական գործով 39 անձ գտնվել է նախնական կալանքի տակ (նախորդ տարի` 48-ը):
Ընթացք տրված 44 քրեական գործերով 39 անձի վերաբերյալ վարույթները կասեցվել են (նախորդ տարի 28), որից 29-ով` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով (նախորդ տարի 23), 10-ը` այլ հիմքով:
2012թ. ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի ընդամենը 125 քրեական գործ` 187 անձի նկատմամբ (նախորդ տարի 129 քրեական գործ` 189 անձի նկատմամբ) կամ 4 գործով եւ 2 անձով պակաս, որոնցից դատապարտվել է 118 քրեական գործով 180 անձ (նախորդ տարի 109 քրեական գործով 158 անձ), կամ 9 գործով եւ 22 անձով ավել: Ի դեպ, դատապարտված 180 անձից 68-ը կամ դատապարտված անձանց 37.7 տոկոս-ը եղել են պաշտոնատար անձինք (նախորդ տարի` 158-ից 68-ը կամ 43 տոկոս-ը):
Դատապարտված անձանցից 84-ը ենթարկվել է ազատազրկման ձեւով պատժի (նախորդ տարի 102), 75-ը` տուգանքի (նախորդ տարի 41-ը), մյուսները` այլ պատիժների: Ազատազրկումը կազմում է 46.6 տոկոս` նախորդ տարվա 64.5 տոկոս -ի դիմաց:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 33 անձանց վերաբերյալ 29 քրեական գործից 28 քրեական գործով 27 անձինք դատապարտվել են ազատազրկման, իսկ 3-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմում է 81.8 տոկոս:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառվել է ընդհանուր հաշվով 2 մլրդ 856 մլն 565 հազար դրամ, (նախորդ տարի 2 մլրդ 784 մլն 783 հազար դրամ), որից պետությանը պատճառված վնասը կազմել է 1 մլրդ 815 մլն 640 հազար դրամ (նախորդ տարի 2 մլրդ 764 մլն 166 հազար դրամ): Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 484 մլն 539 հազար դրամ կամ 26,6 տոկոս-ը (նախորդ տարի 157 մլն 169 հազար դրամ կամ 5,6 տոկոս-ը):
Անհրաժեշտ է նշել, որ հանրապետությունում ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 9 մլրդ 535 մլն 031 հազար դրամ (նախորդ տարի` 470 մլն 515 հազար դրամ), որից վերականգնվել է 7մլրդ 609 մլն 974 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 80 տոկոս, (նախորդ տարի կարճված գործերով վերականգնվել է 193 մլն 389 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 41.1 տոկոս), իսկ մերժված նյութերով` միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով` 2 մլրդ 721 մլն 563 հազար դրամ, որոնցից վերականգնվել է 2 մլրդ 641 մլն127 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 97 տոկոս, ( նախորդ տարի ամբողջ հանրապետությունում մերժված նյութերով վնասը կազմել է 3 մլրդ 203 մլն 396 հազար դրամ, որից վերականգնվել է 2 մլրդ 656 մլն 067 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 83 տոկոս):
Հաշվետու ժամանակահատվածում միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ ոչ արդարացման հիմքերով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 9 մլրդ 530 մլն 800 հազար դրամ, որից վերականգնվել է 7 մլրդ 606 մլն 912 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 80 տոկոս:





























