Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ, որը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հարցին, թե ինչպիսին է իր վերաբերմունքը «Խոջալուի օդանավակայանի» բացման վերաբերյալ:

«Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբեւէ չեն քաղաքականացրել եւ որեւիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու այդ հարցը:

Ադրբեջանը իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում է այն, ուստի խախտում է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առաջ:

Երկրորդ, համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ղարաբաղը երբեւիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ:

Ադրբեջանը սպառնացել եւ շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ` խախտելով համանախագահների առաջ այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

Դուք գիտեք, որ համանախագահները նաեւ նշել էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվում նաեւ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:

Բազմիցս Հայաստանում, ի միջի այլոց Լեռնային Ղարաբաղում նույնպես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար եւ քաղաքացիական նպատակներ:

Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան, եւ չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին»: