Խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում դանակով զինված չարագործը հարձակվել է անցորդների վրա եւ մեկուկմես տասնյակ մարդու վնասվածք հասցրել: Տուժածներից երկուսը մահացել են, տղամարդը ձերբակալված է:
Սպանդը կատարվել է Գուամ կղզու Տումոն քաղաքում: Դանակի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ: Բոլոր տուժածները Ճապոնիայից գնացած զբոսաշրջիկներ են, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ԱԳՆ-ին: Նաեւ հաղորդվում է, որ տուժածների մեջ ութ ամսականից բարձր երկու նորածին կա եւ տարեցներ՝ մինչեւ 82 տարեկան:
Ըստ ականատեսների՝ հաշվեհարդարին նախորդել է ավտովթարը: Toyota Yaris մակնիշի կապույտ ավտոմեքենան, մայթով ընթանալով, բախվել է Outrigger Guam Resort հյուրանոցի կողքի ABC մինիմարկետին: Հետո մեքենայից դուրս է եկել վարորդը եւ դանակով հարձակվել անցորդների վրա, գրում է NEWSru.com-ը:
Ձերբակալված մարդասպանի մասին գրեթե ոչինչ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նա 21-ամյա Չադ Դեսոտոն է՝ Տամունինգից:
Այս դեպքը կարող է խստորեն վնասել Գուամի տնտեսությանը, որտեղ զբոսաշրջությունը հիմնական տեղն է զբաղեցնում:
Գուամը Մարիանյան կղզիներից ամենահարավայինը եւ ամենախոշորն է:




























