Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թբիլիսիում մեկնարկած Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա են եղել Եվրոպական հանձնաժողովի ընդլայման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները:
Հանդիպմանը քննարկվել են Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվել գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը եւ մտքեր են փոխանակվել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը եւ ընդգծել հայկական կողմի ակնկալիքը մինչեւ ս.թ. աշնանը կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը եզրափակել Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ներգրավված լինելով Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությանը՝ նախատեսում է այս տարի Երեւանում անցկացնել մի քանի միջոցառումներ արդարադատության, երիտասարդական եւ կրթական փոխանակումների ոլորտներում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը եւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը:
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը գալիք սեպտեմբերին Երեւանում անցկացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել համաժողովի մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսը:



























