ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վարկանիշն ահավոր նվազել է՝ պայմանավորված ՍԴ դիմել-չդիմելու հարցում չկողմնորոշվելու հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Այդպես չեն վարվում: Նույնկերպ ժամանակին ընկավ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, երբ մանդատը վերցնում-դնում էր, գնում նստում-վեր էր կենում»,- ասաց նա՝ հիշեցնելով Աստվածաշնչի խոսքերը, որ «ձեր «ոչ»-ը պետք է «ոչ» լինի, «այո»-ն՝ այո»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ քարոզարշավի ժամանակ թույլ տված եւ մեծ քննարկումների արժանացած արտահայտություներին, քաղտեխնոլոգը երեք տարբերակ առանձնացրեց: Առաջին տարբերակն այն է, որ դա հնարավոր է պատահական լինել, երկրորդն այն է, որ դա արվում է իր վարկանիշն իջեցնելու համար, իսկ երրորդ տարբերակը այն է, որ նման «կիքսեր» թույլ տալով՝ փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել ընտրությունների վրա, որ հետաքրքիր անցնի: «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի նման քաղաքական գործիչը կեսից սկսած ինչ-որ մի բան ասի, որ դառնա օրվա հիթը: Ինքը գիտի բառի արժեք: Ես կարծում եմ, որ էնտեղ ինչ-որ բան կա դրած, չի կարող այնպես լինել, որ ամեն օր նման բան պատահի»,- ասաց նա:
Նշենք, որ քարոզարշավի կեսից Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ ամեն անգամ ինչ-որ փորքիկ միջադեպեր էր գրանցվում, նախագահի թկենածուի կողմից ինչ-որ արտահայտություններ էին հնչում, որոնք բուռն քննարկումների առիթ եւ ծաղրի առարկա էին դառնում լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում: Այդ «միջադեպերի» շարանն սկսվեց Եռաբլուրից, երբ նրան լացելով մի կին էր մոտեցել, իսկ ինքն ասել էր՝ «Եկել ես ստեղ, լացում ես, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»: Դրանից հետո նրա քարոզարշավի ընթացքում եղել մի շարք այլ արտահայտություներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























