Հայ ազգային կոնգրես անունով ստեղծվելիք կուսակցությունը կկայանա, թե` ոչ, ժամանակը ցույց կտա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ, հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը: Նա իր տարակուսանքը հայտնեց նաեւ ստեղծվելիք կուսակցության որդեգրած սոցիալական լիբերալիզմի ուղղության վերաբերյալ: «Եթե դարձավ կուսակցություն, միգուցե ստացվի, բայց այսօր վաղ է խոսել այդ մասին»,- նշեց նա:
Իսկ ՀԱԿ դաշինքը կվերականգնվի, թե` ոչ, կախված է անդամ կուսակցությունների քաղաքական գործունեությունից, ինչպես նաեւ խարիզմատիկ լիդերի խնդիր է առաջանում: Քաղտեխնոլոգը նշեց, որ կա սոցիալական թեւի ընտրազանգված, սակայն կա այդ ընտրազանգվածի առաջնորդը, դրա համար այն գնում է դեպի ԲՀԿ, ինչը մի քիչ անհասկանալի է, քանի որ ինչպես կարող է սոցիալական այդ խավը գնա եւ օլիգարխիկ կուսակցությանը ձայն տա:
«Եթե ծնվի խարիզմատիկ լիդերը եւ հավաքի այդ ընտրազանգվածին, ապա հաջորդ խորհրդարանական ընտրություններին լուրջ տոկոս կհավաքի»,- նշեց նա:
Կարեն Քոչարյանը շեշտեց, որ ՀԱԿ-ը կորցրեց իր ընտրազանգվածին ՀՀԿ-ի, հետո ԲՀԿ-ի հետ երկխոսության գնալու պատճառով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























