Հայասատնի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ չի ընդունելու ընտրությունների արդյունքները, դրանք չի բողոքարկի: Այս մասին նա հայտարարել է այսօր` փետրվարի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ: Այս որոշումը կապված է երկրի դատական համակարգի հանդեպ լիակատար անվստահության հետ:
Հայաստանի նախագահի պաշտոնի համար երկու անգամ առաջադրված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարարն ընտրություններից հետո կվերադառնա հասարակական գործունեությանը, որի կենտրոնում` Արման Մելիքյանի խոսքով, Արցախյան հարցն է:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում զանգվածային բողոքի ցույցերին, Մելիքյանն ընդգծել է , որ ինքը դրա կողմնակիցը չէ, հատկապես երբ ստեղծվում է կրիտիկակական իրավիճակ: «Եթե ոտքի ես հանել ժողովրդին, գործն ավարտին հասցրու, հեղափոխություն արա»,- նշել է Մելիքյանը, հավելելով, որ ինքը հեղափոխության կողմնակից չէ, քանի որ դա մի քանի տասնամյակով հետ է մղում երկրի զարգացումը, իսկ Հայաստանի համար դա նշանակում է կորցնել ձեռք բերված ոչ մեծ ռեսուրսները:
«Ես էվոլյուցիոն զարգացման կողմնակից եմ, երբ հասարակությունն ինքն է պահանջներ առաջադրում եւ իշխանություններին երկխոսության դրդում»,- նշել է Մելիքյանը` ավելացնելով, որ էվոլյուցիոն զարգացման պտուղները այնքան արագ չեն նշմարվում, որքան հեղափոխության պտուղները, սակայն ավելի հուսալի եւ արդյունավետ են: Որպես անարդյունավետ հեղափոխության օրիանակ Մելիքյանը մատնանշել է արաբական աշխարհի իրադարձությունները:




























