Ոմանք հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի փորձում են հակառուսական եւ ՆԱՏՕ-ին հարող թեկնածուի կերպար կերտել, ինչն իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 14-ի մամուլի ասուլիսում հայտնել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում նման դրույթ չկա. «Այլ բան է, որ մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, որպեսզի առաջին գծում հենց պայմանագրայինները ծառայեն: Սակայն դա առիթ չի տալիս մտածելու, թե մենք ցանկանում ենք հրաժարվել ռուսական սահմանապահներից: Հակոբյանը նաեւ նշել է, որ բոլոր նրանք, ովքեր Հովհաննիսյանին փորձում են որպես հակառուսական քաղաքական գործիչ ներկայացնել, ազնիվ չեն, եւ, հաշվի առնելով Հայաստանի բնակչության բարյացակամ վերաբերմունքը ռուսական զորքերի հանդեպ, պարզապես ցանկանում են ժողովրդին Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ տրամադրել:
NEWS.am-ը նախկինում հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում նշվում է. պահպանելով Ռուսաստանի հետ համագործակցությունը` անհրաժեշտ է վերակառուցել դրանք` փոխադարձ շահերի հարգման հիման վրա: Այդ համատեքստում անթույլատրելի է ռազմավարական նշանակության տնտեսական ոլորտների վաճառքը Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում: Ավելին, Հովհաննիսյանը Մոսկվայի կողմից Ղարաբաղի անկախությունը չճանաչելը հայ ժողովրդի հանդեպ ծաղր էր անվանել՝ միաժամանակ արեւմուտքին համանման քննադատության չենթարկելով:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























