Եվրամիության բոլոր 27 երկրներում մարտին կանցկացվի ձիու մսի մեջ հակաբորբոքային ֆենուլբուտազոն դեղամիջոցի առկայությունը ստուգող, ընդհանուր առմամբ, 4 հազար թեստ, որը քաղցկեղածին է համարվում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Վենսանը։
Նրա խոսքով՝ հետազոտությունները կֆինանսավորի ԵՄ գործադիր իշխանությունը, հաղորդում է ՙՌԻԱ նովոստին՚։
Բացի այդ, առաջարկվել է նաեւ այլ մսային արտադրանքների 2,5 հազար կիսաֆաբրիկատների ԴՆԹ-ստուգում անցկացնել, պարզելու համար դրանցում ձիու մսի առկայությունը։ Հետազոտության արդյունքները կհրապարակվեն ապրիլի սկզբին, հաղորդում է ՙԷխո Մոսկվին՚։
ԵՄ-ում սննդային բաղադրիչների շուրջ աղմուկ բարձարցավ այս տարվա սկզբին, այն բանից հետո, երբ իսպանական AhorraMas եւ իռլանդական Silvercrest Foods բուրգերում ձիու միս հայտնաբերվեց։ Իռլանդական ընկերությունը ստիպված էր վաճառքից հանել մոտ 10 մլն կիսաֆաբրիկատ-կոտլետ։ Անցած հանգստյան օրերին խոշորագույն ֆրանսիական առեւտրային ցանցերը հետ են կանչել մի շարք արտադրատեսակներ, քանի որ պարզվել է, որ դրանցում եւս տավարի փոխարեն ձիու միս է։
Այս առնչությամբ, Եվրահանձնաժողովը փետրվարի 15-ին արտակարգ նիստ է հրավիրել։




























