Բաքվում փախստականները բողոքի ցույց են կազմակերպել, որի գլխավոր պահանջը կյանքի պայմանների բարելավումն է եղել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ցուցարարները փակել են Ադրբեջանի մայրաքաղաքի կարեւոր հատվածներից մեկը` Թբիլիսյան պողոտան: Դեպքի վայր են եկել ոստիկանական ջոկատներ:
Աննախադեպ ցույցի առիթը փախստականների հանդեպ իշխանությունների անտարբեր վերաբերմունքն է եղել: Բաքվի 9-րդ միկրոշրջանում կիսակառույց տներում բնակվող փախստականները հաղորդել են, որ հրդեհից հետո իրենց տեղափոխել են Մեհթիաբադ բնակավայրի նորակառույց շենքերի նկուղային տարածք: Նրանք համապատասխան կառույցներից պահանջում են իրենց տեղավորել կյանքի բարեկարգ պայմաններ ունեցող տներ: Ժամանած ոստիկանական ջոկատները վերականգնել են երթեւեկությունը: Ցուցարարների եւ իրավասու մարմինների ներկայացուցիչների միջեւ հանդիպում է նշանակավել:
Նշենք, որ Ադրբեջանում վերջին ժամանակներս տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Հունվարին Իսմայիլ քաղաքի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել տիրող բռնատիրական կարգի դեմ, որը վերաճել է անկարգությունների: Իսմայիլի բնակիչներին, որպես համերաշխության նշան, Բաքվում եւս կազմակերպվել է բողոքի ցույց, որի ժամանակ ոստիկանները արցունքաբեր գազով թունավորել են լրագրողներին, այդ թվում եւ կառավարամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Իսմայիլի ղեկավարին պաշտոնանկ է արել:
Հունվարի կեսերին Բաքվի Յասմալյան շրջանի փախստականները բողոքի ցույց են կազմակերպել` չլուծված կենցաղային հարցերի, անվերջ աճող անարդարությունների դեմ:Ցուցարարները փորձել են շրջափակել ճանապահը, սակայն նրանց ցրել է ոստիկանությունը:
Իսկ նախօրեին Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստական կինը` արդարության չհասնելով սեփական երկրում, օգնություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:




























