Առողջապահության նախարարությունն ընդհանրապես չի մասնակցել  Անդրիաս Ղուկասյանի անալիզների ոչ վերցնելուն, ոչ էլ` հետազոտություն կազմակերպելուն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ  Հայթայանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետի հայտարարություններին:

Նա նշեց, որ նախագահի թեկնածուի կողմից ընտրված լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքների կրկնօրինակը տրամադրվել է նախարարությանը, ինչի մասին տեղյակ են եղել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը եւ իր կինը։

«Մեկ անգամ եւս պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարությունը որեւէ անգամ Անդրիաս Ղուկասյանից արյան եւ այլ անալիզներ չի վերցրել, ինչպես նաեւ որեւէ բուժհաստատությունում դրանց հետազոտություն չի կազմակերպել եւ ունի միայն թեկնածուի կողմից կազմակերպված լաբորատոր հետազոտության արդյունքների կրկնօրինակը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է զարկերակային ճնշման չափման հետ կապված «վստահությանը», ապա, մամուլի քարտուղարի խոսքով, փոքրիկ տատանումներ` կապված ճնշման չափիչ գործիքի հետ կարող են լինել, ինչն ընդհանուր վիճակի գնահատման գործում որոշիչ նշանակություն ունենալ չի կարող։

Նշենք, որ հացադուլի վայրում շարունակվում է շուրջօրյա բժշկական հսկողությունը շտապօգնության ռեանիմատոլոգների ուժերով` վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում` ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։ Անահիտ Հայթայանը նաեւ նշեց, որ հունվարի 21-ից հացադուլ անող նախագահի թեկնածուի ճնշումը 100/60 է, պուլսը` 82: