Ընթանում է  ինքնաոչնչացման մրցակցություն, կարծես թե սկսվել է նոր իրավիճակ, թեկնածուների եռյակը, որոնք իշխանության կողմից գուրգուրվում են եւ թվում էր ամուր, սկսեցին իրար քննադատել: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար,  նախագահի արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:

«Եթե Հայրիկյանի սիրտը ուշադրություն է ուզում, Բագրատյանը Հայրիկյանի սիրտը կոտրել է,  իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի սիրտն էլ երկրորդ փուլ է ուզում, դա իշխանություններին ձեռք չի տալիս»,- նշեց նա:

Նախագահի նախկին թեկնածուի կարծիքով՝  իշխանությունը հայտնվել է վատ վիճակում, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ նախնական սցենարի, պետք է շնորհավորեր, սակայն չի շնորհավորելու, քանի որ իշխանությունը չի գնալու նրա համար այդքան ցանկալի երկրորդ փուլին:  Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը  պիտի ստանար քսան տոկոս ձայն, Հրանտ Բագրատյանը լիներ երրորդ տեղում, բայց Հայրիկյանի վարկանիշը բարձրացավ, հայտնվեց երրորդ տեղում, սակայն հետո այնքան հակասեց իրեն, որ վարկանիշը մոտեցավ զրոյի: Նրա խոսքով՝ իշխանության սցենարով պետք է երեքն էլ շնորհավորեին հաղթող թեկնածուին, ինչը սակայն չի լինի:

Արամ Հարությունյանի խոսքով՝  իշխանությունների նյարդային համակարգը խախտված է, որովհետեւ թեկնածուներն իրենց ադեկվատ չեն պահում, ուստի փետրվարի 18-ից  հետո անակնկալներ են սպասվում հենց թեկնածուների մասով, «կզվարճանանք»: Նա վստահ է, որ սկսվելու է նոր իրավիճակ, պայմանավորվածություններ կան կուսակցությունների հետ հանդիպելու համար եւ այլն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am