Վերջին ժամանակներս Հայաստանի Հանրապետության որոշ լրատվամիջոցներում պարբերաբար ներկայացվում է «Իրավունքի եւ Ազատության» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի` իրականությանը ոչ լիովին համապատասխանող հայտարարությունները, որոնցից կարելի է եզրակացնել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, ըստ էության, խոչընդոտում է նրա կողմից` խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին ուսումնասիրությունների կատարմանը: Այդ մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

«Հասարակության մոտ խեղաթյուրված կարծիք չձեւավորվելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ «Իրավունքի եւ Ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` 1954-1988թթ. ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 65-րդ, 67-րդ եւ 206-րդ եւ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ կայացված դատավճիռներն ու մեղադրական եզրակացություններն իրեն տրամադրելու խնդրանքով` հանրագիտարանային բնույթի գիրք հրապարակելու նպատակով:

Դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները չեն տրամադրվել համաձայն «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների, քանի որ հայցվող փաստաթղթերում առկա են նաեւ այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց հրապարակումն առանց նշված անձանց համաձայնության կխախտի վերջիններիս անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վերոհիշյալ հոդվածներով դատապարտված անձանց` սահմանված կարգով դիմելու դեպքում, իսկ վերջիններիս մահացած լինելու պարագայում, ժառանգների գրավոր թույլտվությամբ, տրամադրել քաղվածքներ դատավճիռներից` առանց խախտելու դրանցում նշված այլ անձանց անձնական եւ ընտանեկան կյանքի օրենքով պաշտպանվող գաղտնիությունը»: